Oդում կար ձերբակալության հոտը, օրեցօր լարվող իրավիճակը լիցքաթափելու անհրաժեշտությունը, որը հայտնի էր քչերին, բայց վերաբերելու էր շատերին: Շատերին գուցե թվում էր, որ իշխանությունը իսկապես հագել է համակ հանդուրժողականության համազգեստը ու չի հանելու անգամ ընտրություններից հետո: Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հաստատել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությունը և նրա կապը Վրաստանից Հայաստան «Իգլա» զենիթահրթիռային զինատեսակ ներկրելու փորձի հետ: ԱԱԾ հաղորդագրության համաձայն, ներկրման մաքսանենգ փորձն իրականացնող անձինք հաստատել են, որ գործել են Սամվել Բաբայանի պատվերով: ԱԱԾ-ը փորձում է պարզել, թե որն է այդ քայլի շարժառիթը: Մինչ «Իգլայի» ներկրման փորձի բացահայտման, իսկ հետո Սամվել Բաբայանի ձերբակալման մասին ԱԱԾ հայտարարությունները, մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Հայաստանում ծրագրվել է «Սասնա ծռեր-2» և կազմակերպիչը Սամվել Բաբայանն է:
Իհարկե, դեռ պետք է ապացուցվի, թե Սամվել Բաբայանն ունեցե՞լ է որևէ ծրագիր, կապ ունի՞ «Իգլայի» ներկրմանը: Գուցե որոշ ժամանակ անց պարզվի՝ ոչ, բայց այդ ընթացքում ընտրությունները կկայանան ու կավարտվեն:
Իրականում թիրախ էր Սեյրան Օհանյանը, բայց նրա ձերբակալությունը և նրան ինչ-որ մեղադրանք ներկայացնելը նշանակելու էր Հաց բերողից հետո հիմա էլ նրա հերոսացում ու ՕՐՕ-ի քվեների ավելացում, իսկ դա բխելու էր հենց դաշինքի շահերից: Սամվել Բաբայանը չկա ՕՐՕ-ի ընտրացուցակում, մինչև ձերբակալությունը Սեյրան Օհանյանն էլ, Վարդան Օսկանյանն էլ հերքում էին նրա գործուն մասնակցությունը իրենց դաշինքի կայացմանն ու գործունեությանը, իսկ հիմա հայտարարում են, որ կատարվածը քաղաքական ենթատեքստ ունի և ուղղված է քաղաքացիների ազատ կամարտահայտման դեմ։ ՕՐՕ դաշինքը հայտարարել է, որ Ջրառատի «ակնհայտ սադրանքը, դաշինքի շտաբների և պատգամավորության թեկնածուների նկատմամբ զանգվածային ճնշումների» նպատակ է համարում վախի մթնոլորտ տարածելը և իրենց աշխատանքներին խոչընդոտելը: Նրանք իշխանությունների վարքագիծը գնահատում են «ընտրությունների արդյունքների վրա հակաօրինական միջոցներով ազդելուն ուղղված քայլ»։
Նախկին նախարարները միջազգային հանրությանը, դիտորդական առաքելություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին կոչ են անում ուշադրության կենտրոնում պահել Սամվել Բաբայանի հետ կապված գործը, իսկ քաղաքական ուժերին, իրավապաշտպան կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը, «Արցախի և Սփյուռքի հայրենակիցներին» հորդորում համարժեք գնահատական տալ։ Երբ Սամվել Բաբայանը հայտարարում էր, որ ցնցումներ ու արյունահեղություն է լինելու, ՕՐՕ-ից ոչ ոք ոչ մի կոչ չէր անում: Չէր հետևում՝ ինչ կոչեր է Սամվել Բաբայանն անում ու ինքն իրեն չէր հարցնում՝ ո՞վ է Սամվել Բաբայանը ու ի՞նչ իրավունք ունի խառնվելու Հայաստանի քաղաքական կյանքին: Ինչո՞ւ թողեց Մոսկվան ու եկավ Երևան, երբ այլևս չկար «Դաշինք» կուսակցությունը ու չէր կայացել բիզնեսը: Երբ կարևոր հարցերը ժամանակին չեն ձևավորվում ու չեն պատասխանվում, ստացվում են ֆորս մաժորներ: Այս անգամ՝ այսպես:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Մարտին ծնված Սամվել Բաբայանի համար մարտը ձախորդ ամիս է: 17 տարի առաջ՝ 2000-ի մարտի 22-ին նա ձերբակալվեց՝ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի գործով, դատապարտվեց 14 տարվա ազատազրկման ու 4,5 տարի հետո ազատ արձակվեց: Այս անգամ նրա ձերբակալությունը ոչ միայն Սեյրան Օհանյանին ուղղված մեսիջ էր, այլև հասցեատեր ուներ Ռոբերտ Քոչարյանին՝ չի լինելու նոր մարտի 1՝ ոչ 2017-ի մարտին կամ ապրիլին, ոչ 2018-ի: ՈՒ դա վերջնական վճիռ է՝ քննարկված ու բեկանման ենթակա չէ: Առարկողներ կա՞ն: Գուցե լինեն: Հարց է՝ Սամվել Բաբայանի ձերբակալությունը շիկացած մթնոլորտի լիցքաթափո՞ւմ, թե՞ լիցքավորում է: Մարտյան իդերը շարունակվում են: